Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում հունիսի 4-ին բացվեց ԷԴՎԱՐԴ և ԱՄԱԼՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ անհատական համատեղ ցուցահանդեսը։ Էդվարդ Վարդանյանի 70-ամյակին նվիրված այս հոբելյանական ցուցահանդեսի բացումը նախատեսված էր ապրիլի 15-ին, սակայն ապրիլյան թեժ օրերը նաև հայր ու դուստր նկարիչների հոգեվիճակն էին խռովել։ Ցուցահանդեսը հետաձգվեց և բացվեց հունիսի 3-ին։
-Էդվարդ, թույլ տուր շնորհավորել այս համատեղ և վառ «ներկայացումը»։ Այժմ էլ նկարիչ դառնալուդ պահն ու անցածդ ճանապարհը հիշիր։
-Անկեղծ ասած, հիմա էլ դեռ կասկածում եմ, թե նկարիչ եմ։ Արվեստագետի համար սովորելու այնքան բաներ կան, որ հաճախ քեզ թվում է, որ դեռ խակ ես, դեռ ճանապարհ պիտի անցնես։ Դպրոցում լավ էի սովորում, սակայն նկարչությունն իրենն անում էր, ինձ ավելի ու ավելի էր հրապուրում։ Ապրում էի Թալին քաղաքում, հաճախ փախչում էի դասերից, դուրս էի գալիս Լենինական-Երևան մայրուղի և պատահական ավտոբուսը նստելով հասնում էի Երևան, Նկարչի տուն, հերթական ցուցահանդեսով հիանալու։ Հետո ընդունվեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն կիսատ թողեցի ուսումս, սովորեցի ընդամենը 40 օր, ապրելու խնդիր կար, ես էլ դեռ դպրոցական տարիքում էի։ Հետո կյանքն իր հունով ընթացավ, ծառայեցի բանակում, սովորեցի և ավարտեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։
-Ամալյա, հայրդ ինչպե՞ս է վերաբերվել քո ընտրությանը։ Ինքդ ինչպե՞ս ես կայացել։
-Երբ հայրդ նկարիչ է, և ինքդ էլ կերպարվեստի ճանապարհն ես ընտրում, մեծանում է պատասխանատվությունդ։ Մանուկ հասակից եմ նկարել՝ չտառապելով հրաշամանուկի ախտանիշով։ Նա ինձ չի ուղղորդել, պարզապես հետևել է ստեղծագործական աճիս։
-Համատեղ ցուցահանդեսը և՛ պատասխանատվություն է պահանջում, և՛ ուշագրավ գեղարվեստական երևույթ է։ Ահա նույն դահլիճում ցուցադրվում ես Էդվարդ Վարդանյանի հետ, գնահատիր նրա արվեստը։
-Ամենից առաջ նա ազնիվ նկարիչ է, նրա երազները հեքիաթ են դառնում, հեքիաթն իրականություն՝ կտավի վրա։ Նրա աշխարհը ճանաչելի է առաջին հայացքից, ինչպես որ ճանաչելի են նրա կերտած կերպարները։
-Էդվարդ, հարցս քիչ արկածախնդիր է, այնուամենայնիվ, բնութագրիր դստերդ՝ Ամալյա Վարդանյանի արվեստը։
-Նրա աշխարհը լրիվ ուրիշ է, նա ունի իր ուրույն աշխարհը, իր ձեռագիրը։ Անսպասելի են հայ և օտար հեղինակների գրքերի նրա նկարազարդումները։ Ահա Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունու» ձևավորումը, Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և մյուս գործերը, որոնք ոչ միայն յուրօրինակ են, այլև այժմեական։ Ահա նրա «Փարիզյան շարքը». եղել է Փարիզում, տեղում ստեղծագործել և նկարները, ահա, ներկայացնում է այս ցուցահանդեսներում։ Ամալյան 12 գրքի նկարազարդման հեղինակ է։
-Ամալյա, ցուցահանդեսում ներկայացված Էդվարդ Վարդանյանի ստեղծագործություններից ո՞րը կցանկանայիր ունենալ։
-«Մոռացված կարոտը»։
-Էդվարդ, ունես Ամալյա Վարդանյանից երկու նկար ընտրելու հնարավորություն։ Կատարիր ընտրությունդ։
-Սիրով. «Առաջին ձյուն» և «Շորն ու Շորշորը» գրաֆիկական շարքը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ